суббота, 1 августа 2020 г.

Հայերը Վրաստանում

Հայերը Վրաստանում բնակվում են հնագույն ժամանակներից, 3-րդ դարի վերջից, որովհետև հենց այդ ժամանակաշրջանում էր, երբ ճնշված էին երկու կողմից, իսկ հայրենիքը բաժանված Սասանյան Իրանի և Բյուզանդական կայսրության միջև, հայերը ստիպված էին լքել հայրենի երկիրը՝ սևեռելով հայացքը նախ և առաջ դեպի Վրաստան, որտեղ և հետագայում բնակություն հաստատեցին։ Այսօր Վրաստանում բնակվում է 250.000 (ոչ պաշտոնական տվյալներով 400.000) հայ, որոնք բնակվում են հիմնականում Սամցխե-Ջավախքում, Թբիլիսիում, Քվեմո Քարթլիում, Բաթումում, Քոբուլեթում, Սուրամիում, Գորիում և այլ վայրերում։ Մուսուլմանական իշխանության օրոք Հայաստանում հայերի վիճակը օրեցօր վատանում էր։ Նրանք մշտապես գտնվում էին ֆիզիկական բնաջնջման, իսպառ ոչնչացման կամ բռնի գաղթի սարսափելի վտանգի ներքո։ Մշտական ջարդերի, կոտորածների, դաժան պատերազմների և թշնամական հարձակումների պայմաններում հայերը իրենց համար ավելի ապահով ապաստան էին փնտրում համակրոնացի հարևանների մոտ։ Քանզի Վրաստանը ռազմատարանցիկ ճանապարհներից այն կողմ էր գտնվում, ինչպես նաև պաշտպանված էր Կովկասյան լեռնաշղթայով։ Եվ ի վերջո վրաց թագավորները շատ հաճախ իրենք էին հայոց բանակը հրավիրում ընտանիքներով հանդերձ։ Քիչ չեն Հայաստանի և Վրաստանի քույր քաղաքները, ինչպիսիք են Թբիլիսին ու Երևանը, Քութայիսն ու Գյումրին, Բաթումն ու Վանաձորը։ Եղբայրական հարաբերություններ են հաստավել Հայաստանի ու Վրաստանի միջև։

Հայերի թիվը Վրաստանում ավելացավ V դարում, երբ նրան միացվեցին Մեծ Հայքից անջատված հայաբնակ մի քանի գավառներ, և 451 թվականի՝ պարսիկների դեմ հայերի ապստամբությունից հետո, երբ Մամիկոնյան իշխանական տոհմից փրկված ներկայացուցիչներն ապաստանեցին Վրաստանի Գուգարաց բդեշխությունում։ Արաբական տիրապետության շրջանում նույնպես բազմաթիվ հայեր Հայաստանից գաղթել են Վրաստան։ Վրաց պետականության հովանավորության ներքո ձևավորվել են հայկական նոր իշխանական տոհմեր, որոնցից մեծ դեր են խաղացել հատկապես Զաքարյանները։ Այդ տոհմի ներկայացուցիչներ Զաքարե և Իվանե եղբայրները, վրացական զորքերի գլուխ անցած, XII դարի վերջին ազատագրեցին Հայաստանի մի մասը, ստեղծեցին Զաքարյանների իշխանապետությունը՝ Անի կենտրոնով։ Հայերի գաղթը Վրաստան շարունակվել է նաև XIII-XVIII դարերում։ Վրաստանի մի շարք քաղաքներում ձևավորվել են հայկական կայուն համայնքներ։ Հայկական խոշոր համայնք է ձևավորվել նաև Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում (1937 թ-ից՝ Թբիլիսի), որտեղ XVIII դարում հայերը կազմում էին բնակչության գերակշիռ մասը, գործում էին բազմաթիվ արհեստավորական համքարություններ։ XIX դարի ընթացքում այնտեղ կազմավորվել և հզորացել է հայ բուրժուազիան (Մանթաշով, Արամյանց, Ղուկասով և այլք), որին պատկանում էր Թիֆլիսի արդյունաբերական ձեռնարկությունների և առևտրական տների շուրջ 60 %-ը։ Հայ համայնքի ներկայացուցիչները ղեկավար պաշտոններ են զբաղեցրել քաղաքի կառավարման կառույցներում։ Թբիլիսին ունեցել է ավելի քան 40 հայազգի քաղաքապետներ, որոնցից Սարաջևը հիմնել է կոնյակի և քաղցրավենիքի արտադրություն. Արքունին Թբիլիսիին է նվիրել իր անձնական գրադարանը (ներկայումս՝ հանրային գրադարան), Ա. Խատիսյանի տունը ցայսօր Թբիլիսիի քաղաքապետարանի շենքն է։ XIX դարի սկզբից Թիֆլիսը եղել է հայ հոգևոր-մշակութային, կրթական, առևտրաարդյունաբերական խոշոր կենտրոն և առանցքային նշանակություն է ունեցել հայ հասարակական-քաղաքական կյանքի ձևավորման ու զարգացման գործում։

1826–28 թթ-ի ռուս-պարսկական պատերազմի և Առաջին աշխարհամարտի ժամանակ՝ 1916 թվականին, Թիֆլիսում կազմավորվել են Ռուսաստանի բանակի կազմում կռվող հայկական կամավորական ջոկատներ։ 1862 թ-ին Թիֆլիսում ստեղծվել է Զեյթունի ապստամբությանն աջակցող մարմին, 1890 թ-ին հիմնադրվել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը։ 1899–1900 թթ-ին Թիֆլիսում գործել է Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Վերնատուն» գրական խմբակը, որի միջոցառումներին մասնակցել են բազմաթիվ վրացի նշանավոր դեմքեր։ 1856 թ-ից Թիֆլիսում գործում է Հայկական դրամատիկական թատրոնը։ VII–XIX դարերի ընթացքում Վրաստանի տարածքում հայերը կառուցել են ավելի քան 600 հայկական եկեղեցիների, ձևավորվել և այսօր էլ գործում է Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը։ Ներկայումս Թբիլիսիում բազմաթիվ հայկական եկեղեցիներից գործում են միայն կաթողիկե Սուրբ Գևորգ (առաջնորդանիստ) և Հավլաբարի Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ, Ախալցխայում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքում՝ Սուրբ Խաչ, Նինոծմինդայում՝ Սուրբ Սարգիս եկեղեցիները։ Առանձնահատուկ նշանակություն ունի Խոջիվանքի գերեզմանատունը, որտեղ թաղված են հայ մեծանուն իշխաններ, բարձրաստիճան հոգևորականներ, գրականության և մշակույթի հայտնի դեմքեր։ Այդ պանթեոնը ժամանակին ձևավորվել էր Խոջիվանքի (կառուցվել է 1780 թ-ին) շուրջը, որը 1930-ական թվականներին քանդվել է, շիրիմներից շատերը ոչնչացվել են։ Թիֆլիսում գործել են հայկական թատրոններ, բազմաթիվ դպրոցներ, որոնցից առավել հայտնի էր Ներսիսյան դպրոցը, հրատարակվել են բազմաթիվ պարբերականներ։ Ներկայումս լույս են տեսնում «Վրաստան» (Թբիլիսիում), «Ակունք» (Ախալքալաքում) և «Արշալույս» (Նինոծմինդայում) թերթերը։ Թիֆլիսում ապրել ու ստեղծագործել են գրողներ Հ. Թումանյանը, Րաֆֆին, Ղազարոս Աղայանը, Գաբրիել Սունդուկյանը, Նար-Դոսը և ուրիշներ, նկարիչներ Մկրտում, Հակոբ ու Աղաթոն Հովնաթանյանները, Ստեփան Ներսիսյանը, Գևորգ Բաշինջաղյանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, գեղանկարիչ Գայանե Խաչատրյանը և ուրիշներ, բազմաթիվ դերասաններ, լրագրողներ և այլք։ Հայազգի վրացալեզու շատ գործիչներ դարերի ընթացքում հարստացրել են վրաց ժողովրդի հոգևոր գանձարանը։ Վրաց գրականության պատմության մեջ պատվավոր տեղ ունեն Սայաթ-Նովան, Զ. Անտոնովը, Մ. և Գ. Թումանովները, Ա. Հախնազարովը և այլք։ Հայ համայնքներ են ձևավորվել և շարունակում են գոյատևել Գորի, Քութայիս, Թելավ, Սիղնաղ և այլ քաղաքներում։ Հայ հոծ բնակչություն է ապրում Ջավախքում, որը սահմանակից է Հայաստանի հյուսիսային՝ Շիրակի մարզին։ Ներկայումս Վրաստանում բնակվում է շուրջ 350 հզ. հայ, գործում են 154 հայկական և խառը ուսուցմամբ դպրոցներ. Թբիլիսիում՝ 8, Սամցխե-Ջավախքում՝ 115, Ներքին Քարթլիում՝ 29։ Հայկական 41 դպրոցներ են գործում Աբխազիայում։ Վրաստանն աշխարհի այն բացառիկ երկրներից է, որտեղ հայկական դպրոցները գործում են պետական հովանավորությամբ։ Վրաստանում գործում են նաև մի շարք հայկական հասարակական կազմակերպություններ՝ «Ջավախք ժողովրդական շարժում», «Փարվանա», «Վրաստանի հայերի միություն» և այլն։ 1998 թ-ին հիմնադրվել է «Վիրք» կուսակցությունը, որը դեռևս պաշտոնապես գրանցված չէ


Комментариев нет:

Отправить комментарий