Առաջնորդություն (լիդերություն), որևէ մի խմբում առաջնորդելու մղում, մարդկանց խմբի
մոտիվացման արվեստ է, որպեսզի հասնեն հիմնական նպատակներին։ Կոլեկտիվի սոցիալ-հոգեբանական կառուցվածքը հանգում է փոքր խմբերում առաջնորդի հանդես գալուն։ Առաջնորդումը բնական սոցիալ-հոգեբանական գործընթաց է, այն անձի կարողությունն է՝ անհատների կամ նրանց խմբի վարքի վրա ազդելու՝ հանուն կազմակերպության նպատակների իրականացման։ Առաջնորդումը համատեղ աշխատանքի ամբողջականացման, կազմակերպության անդամների ներուժի բազմապատկան հզոր մեխանիզմ է։ Զիգմունդ Ֆրոյդը առաջնորդումը հասկանում էր երկակիորեն. մի կողմից՝ խմբային, մյուս կողմից՝ անհատական գործընթաց։ Այդ գործընթացների հիմքում ընկած է այլ մարդկանց իրենց կողմը քաշելու, նրանց մեջ հիացմունք ու սեր առաջացնելու առաջնորդների կարողությունը։
Առաջնորդումը խմբում ձևավորվում է հուզական, գործնական և տեղեկատվական բաղադրիչների հիման վրա։
«Հուզական» առաջնորդը «խմբի սիրտն» է, մի մարդ, որին խմբի յուրաքանչյուր անդամ կարող է դիմել կարեկցանքի համար։
«Գործնական» առաջնորդի հետ, որին ավելի պատկերավոր «խմբի ձեռքեր» են անվանում, հեշտ է աշխատել. նա կարող է կազմակերպել գործը, ձևավորել անհրաժեշտ փոխադարձ կապեր, ապահովել գործի հաջողությունը։
«Տեղեկատվական» առաջնորդին՝ «խմբի ուղեղին», բոլորը դիմում են տարբեր հարցերով, քանի որ նա ամեն ինչ գիտի, կարող է բացատրել և օգնել գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը։
Լավագույնը կլինի այն առաջնորդը, որը համադրում է բոլոր երեք բաղադրիչները, թեև առավել հաճախ հանդիպում են երկու բաղադրիչների համադրում։
Комментариев нет:
Отправить комментарий